1/15/2013

Ընտրական և քաղաքական տարածքային համակարգերը որպես երկրի քաղաքաաշխարհագրական ֆրագմենտացվածության բաղադրիչներ

Հուսիկ Ղուլյան



ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ




ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

     
   Հայտնի է, որ համակարգային վերլուծության գաղափարները առավելապես արմատավորվել էին ֆիզիկական աշխարհագրությունում` գեոհամակարգերի մասին ուսմունքում, որը մշակվել է 1960-ական թվականներին Վ. Սոչավայի կողմից: Ի սկզբանե գեոհամակարգ տերմինը օգտագործվում էր միայն բնական օբյեկտների նկատմամբ, ավելի ուշ այն սկսվեց օգտագործվել նաև սոցիալ-տնտեսական ինչպես նաև բարդ տարածական բնա-սոցիալական համակարգերի նկատմամբ, որոնք ներառում են միաժամանակ բնության, բնակչության և վերջինիս նյութական ու հոգևոր մշակույթի բոլոր դրսևորումները: Այսպիսով. ''գեոհամակարգերի տակ հասկանում են հարաբերականորեն ամբողջական տարածական գոյացություն, որը ձևավորվում է բնության, բնակչության և տնտեսության սերտ փոխկապվածության և փոխհամագործակցության արդյունքում, որի ամբողջությունը սահմանվում է գեոհամակարգի ենթահամակարգերի միջև զարգացող ուղիղ, հակադարձ և միջնորդված կապերով''[1]: Սակայն գեոհամակարգի այս սահմանումը խիստ ընդհանրական է, և որպես հասկացություն արմատավորվելով աշխարհագրական գիտությունների համակարգում, վերջինիս յուրաքանչյուր ենթաճյուղում ու ուղղությունում դրան տրվել է ավելի կոնկրետ և հստակ սահմանում` ելնելով տվյալ գիտաճյուղի ուսումնասիրության ոլորտի բովանդակությունից: Արդյունքում մասնավոր գեոհամակարգերը վերածվել են համապատասխան գիտական ուղղությունների ուսումնասիրության առարկաների: Դա վերաբերվում է նաև քաղաքական աշխարհագրությանը` հասարակական աշխարհագրական մի գիտաճյուղի` որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում յուրօրինակ մասնավոր գեոհամակարգերը` տարածքային քաղաքական համակարգերը:    Չանդրադառնալով քաղաքական աշխարհագրության ու վերջինիս շրջանակներում  ընտրությունների աշխարհագրության` որպես գիտական ուղղության զարգացման առանձնահատկություններին, նշենք որ վերջինս ունենալով զարգացման մեկդարյա պատմություն, այդ ընթացքում իր բնույթով առավելապես հանդես է եկել որպես վերլուծական գիտություն` շեշտը դնելով կոնկրետ երկրներում ու շրջաններում ընտրական գործընթացների վերլուծությանը, որի արդյունքում այս գիտաճյուղի տեսական մասը մնացել է թերմշակված, չնայած Թեյլորի, Ջոնսթոնի, Գյուջինի և այլ արևմտյան քաղաքաաշխարհագետների կողմից փորձեր էին կատարվում բարձրացնել այս գիտաճյուղի զարգացման տեսական մակարդակը:
     Ետխորհրդային երկրներում այս գիտաճյուղը զարգացում ստանալով  1990-ական թվականներից, կրկին սկսեց հանդես գալ առավելապես որպես վերլուծական գիտություն և մինչ այժմ բացակայում են աշխատանքներ որոնցում ոչ միայն հստակ կսահմանվեր ընտրական  տարածքային համակարգ հասկացությունը, այլ նաև հստակ ձևակերպված կլիներ վերջինիս ուսումնասիրության տեսական, մեթոդական մոտեցումները: Ուստի այս աշխատանքում մեր կողմից նախ և առաջ փորձ կկատարվի ուսումնասիրել ընտրական գեոհամակարգ հասկացության օպերացիոնալացման գոյություն ունեցող փորձը, այսինքն սկզբունքների և մոտեցումների համակարգը, որոնք հնարավորություն են ընձեռնում վեր հանելու քաղաքաաշխարհագրական տարածության այնպիսի բաղադրիչները, ինչպիսիք են` ընտրական և քաղաքական գեոհամակարգերը, դրանց հիմնական հատկանիշները, բնութագրիչները, գործառնման պայմանները, համակարգագոյացնող գործոնները:
Արդեն նշեցինք, որ գրեթե բացակայում են աշխատանքներ որոնցում հստակ ձևակերպում կստանար ընտրական տարածքային համակարգ հասկացությունը: Միայն ռուս քաղաքաաշխարհագետ Է. Ֆայբուսովիչն է, ով փորձել է քիչ թե շատ հստակություն մտցնել այս հարցում: Նա  ընտրական գեոհամակարգը սահմանել է որպես մասնավոր գեոհամակարգ, որը ուսումնասիրության հիմնական օբյեկտ լինելով ընտրությունների աշխարհագրության համար ''ընդգրկում է տարածքներ, որոնցում  բնակչությունը հիմնականում միավորվում է ելնելով որոշ ընդհանուր շահերից, որոնք կապված են բնակության վայրով, տնտեսական, մշակութային, քաղաքական (այդ թվում ազգային) առանձնահատկություններով''[2]:    
    Որպես հիմք ընդունելով Ֆայբուսովիչի առաջարկած սահմանումը, անդրադառնանք այն գործոններին ու պայմաններին որոնց ազդեցությամբ տարածքը հանդես է գալիս որպես ընտրական և քաղաքական համակարգ` վերածվելով քաղաքական ու քաղաքաաշխարհագրական պրոցեսների սուբյեկտի:


   

ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԱԳՈՅԱՑՆՈՑ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ


    Համակարգերի ընդհանուր տեսությունից հայտնի է, որ համակարգը իրենից ներկայացնում է էլեմենտների ամբողջություն, որոնք գտնվում են միմյանց և միջավայրի հետ որոշակի հարաբերությունների մեջ[3]: Այդ նույն տեսության համաձայն ցանկացած համակարգի գլխավոր հատկանիշներն են նրա ամբողջականությունը (միասնական նպատակի և գործառույթի առկայությունը), կառուցվածքայնությունը (համակարգի վարքի պայմանավորվածությունը նրա կառուցվածքային առանձնահատկություններով), էմերջենտությունը (համակարգի հատկանիշների հավասար չլինելը նրա առանձին բաղադրիչների հատկանիշների գումարին), ինքնավարությունը (ներքին կարգավորվածության բարձր աստիճան ստեղծելու և պահպանելու ունակությունը, այսինքն` ցածր էնտրոպիայի վիճակը), համակարգի և միջավայրի փոխկապակցվածությունը (համակարգը իր հատկանիշները ձևավորում և դրսևորում է միայն արտաքին միջավայրի հետ փոխազդեցության պրոցեսում), ենթակարգությունը (համակարգի էլեմենտների ենթակարգայնությունը), կառավարելիությունը (կառավարման արտաքին կամ ներքին համակարգի առկայությունը), կայունությունը (իր կառուցվածքը, ներքին և արտաքին կապերը պահպանելու ձգտումը), բնութագրումների բազմակիությունը (համակարգերի բարդության և անհամար հատկանիշներ ունենալու պատճառով դրանց ճանաչումը, կախված հետազոտության նպատակից, պահանջում է բազմաթիվ մոդելների կառուցում), տարածականությունը (տարածության մեջ տեղաբաշխվածությունը), դինամիկությունը (ժամանակի ընթացքում համակարգի զարգացումը) [4]:
    Համակարգերի վերը բերված հատկանիշները բնորոշ են նաև ընտրական/քաղաքական տարածքային համակարգերին: Սակայն գլխավոր խնդիրը մնում է այն, թե որ գործոնների ազդեցությամբ կամ ինչ պայմանների ներքո է, որ տարածքը (վայրը) վերածվում է ընտրական/քաղաքական համակարգի, այլ կերպ ասած որոնք են այն գործոնները, որոնք քաղաքական առումով ակտուալացնում են կոնկրետ տարածքը և որը մեզ հնարավորություն է տալիս խոսել օբյեկտիվորեն գոյություն ունեցող և խիստ որոշակի սկզբունքներով գործառնող գոյացությունների մասին:
    Տարածքի և վայրի մասին գոյություն ունեցող պատկերցումների վերլուծությունը թույլ է տալիս վեր հանել սկզբունքային տարբեր երկու մոտեցումներ, որոնց Ռ. Տուրովսկին ավելացնում է երրորդը[5]:
    Առաջին մոտեցումը կոչվում է ինստիտուցիոնալ: Ըստ այս մոտեցման տարածքը ընկալվում է որպես քաղաքական ինստիտուտ (տարածքի յուրօրինակ ինստիտուցիոնալացում):
    Այդ դեպքում տարածքը դիտարկվում է որպես ֆորմալ ռեգիոն, որը ունի  ֆորմալ-իրավական կարգավիճակ: Պետության ներսում որպես այդպիսի ռեգիոններ են հանդես գալիս վարչա-տարածքային կամ վարչաքաղաքական բաժանման միավորները, որոնք ունեն ֆորմալ-իրավական կարգավիճակ` հաստատված գործող օրենսդրությամբ:
    Տարածքի ինստիտուցիոնալացումը նարառում է ոչ միայն նրա սահմանների որոշում` ելնելով կառավարման նպատակներից: Այս պրոցեսի ընթացքում ձևավորվում են իշխանական մարմինները, որոնք իրավասություններ ունեն տվյալ տարածքի նկատմամբ: Ձևավորվում է տարածքային բյուրոկրատիա: Մյուս կողմից տվյալ տարածքի բնակիչները հանդես են գալիս որպես իրավասության օբյեկտ, համապատասխան իշխանության (որպես կանոն մի քանի մակարդակի իշխանությունների) ''սպասավորներ''[6]:
    Տարածքը որպես քաղաքական ինստիտուտ ներառում է հետևյալ էլեմենտները.
•    վարչա-քաղաքական սահմաններ, որոնք արտահայտում են իրավասության աշխարհագրական սահմանները,տարածքային իշխանություններ և բյուրոկրատիա,
•    տարածքի բնակիչներ, որոնք տարածքային բյուրոկրատիայի հետ գտնվում են սուբյեկտ-օբյեկտային իշխանական հարաբերությունների մեջ[7]:

       Ընտրական և քաղաքական տարածքային համակարգերի անալիզի պրոցեսում այս ինստիտուցիոնալ մոտեցման կիրառումը ունի որոշ սահմանափակումներ: Բանը նրանում է, որ ընտրական տարածքային համակարգերը օբյեկտիվորեն գոյություն ունեցող միավորներ են, որոնք չունեն ֆորմալ-իրավական ձևակերպում: Եվ այս տիպի համակարգերի ձևավորումը ընթանում է ոչ ֆորմալ գործընթացների արդյունքում, այսինքն դրանց ձևավորումը արդյունք է տարբեր տարածքներում քաղաքական ինքնակազմակերպման պրոցեսների: Եվ փաստորեն ընտրական տարածքային համակարգերը քաղաքական-տարածքային համակարգերի դե-ֆակտո տիպին պատկանող միավորներ են, ուստի անհրաժեշտ է  անդրադառնալ տարածքների նկատմամբ գոյություն ունեցող երկրորդ` հանրույթային մոտեցմանը: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է նշել, որ կարող են հանդիպել ընտրական/քաղաքական տարածքային համակարգեր որոնց սահմանները համընկնեն վարչական ռեգիոնների սահմանների հետ, բացի այդ հնարավոր է, որ լինեն  վարչական ռեգիոններ, որոնց սահմաններում բացակայեն դե-ֆակտո քաղաքական ռեգիոններ` այսինքն կոնսոլիդացված քաղաքականապես ակտիվ հանրությունները և ընդհակառակը լինեն այնպիսի դե-ֆակտո քաղաքական ռեգիոններ, որոնք տարածվեն մի քանի վարչական ռեգիոնների տարածքում:
        Մինչ տարածքների նկատմամբ երկրորդ` հանրույթային մոտեցման քննարկումը անհրաժեշտ է նշել, որ  չնայած ընտրական տարածքային համակարգերի անալիզում ինստիտուցիոնալ մոտեցման կիրառման թերություններին, այնուամենայնիվ, այդ մոտեցմամբ տարածքի` որպես քաղաքական ինստիտուտի էլեմենտների անալիզը շատ կարևոր է ընտրական և քաղաքական տարածքային համակարգերի ուսումնասիրության պրոցեսում, քանի որ թե´ վարչական ռեգիոնի վարչա-քաղաքական սահմանները, թե´ տարածքային իշխանություններն ու բյուրոկրատիան, և թե´ վերջինիս հետ բնակչության սուբյեկտ-օբյեկտային հարաբերությունների ողջ սպեկտորը իր ազդեցությունն է ունենում տարբեր տարածքներում նախընտրական, ընտրական և ետընտրական պրոցեսների և հետևաբար` ընտրական տարածքային համակարգերի ձևավորման և գործառնման վրա: Այս վարչա-քաղաքական սահմանները եզրագծելով տվյալ վարչական ռեգիոնի աշխարհագրական ընդգրկումը եզրագծում են այն տարածքը, որի սահմաններում ընթանում է բնակչության և տեղական իշխանությունների միջև սուբյեկտ-օբյեկտային հարաբերությունները և կախված այդ իշխանությունների բնույթից, քաղաքական պրոցեսներում վերջիններիս ունեցած  դերակատարությունից և այլն, այդ իշխանությունների և բնակչության միջև հարաբերութունների արդյունքում վերջիններիս մոտ քաղաքական պրոցեսների նկատմամբ ձևավորվում են որոշակի կարծրատիպեր և վերաբերմունք, որը անդրադառնում է այդ բնակչության քաղաքական և ընտրական վարքի և վերջին հաշվով` քաղաքական ու ընտրական մշակույթի վրա: Եվ վարչական ռեգիոնների սահմանագծման այլ տարբերակների դեպքում, երբ տեղական իշխանությունների իրավասությունների աշխարհագրական սահմանները ևս այլ տարբերակ կունենային, տրամաբանական է, որ դա կբերեր այլ պատկերի: Եվ եթե վարչական ռեգիոնների սահմանները ժամանակի ընթացքում բավական կայուն են, ապա դրանք վերածվում են բնակչության ռեգիոնալ նույնականության և քաղաքական մշակույթի կարևոր բաղադրիչի:
      Բացի այդ, կուսակցական շինարարությունից և դրանց ռեգիոնալ կառույցների հիմնումից ու գործունեությունից սկսած մինչև ընտրական կամպանիաների անցկացում ևս իրականացվում են տվյալ երկրի ֆորմալ քաղաքա-աշխարհագրական բաժանմանը համաձայն, որը անկասկած իր ազդեցությունն է ունենում քաղաքական պրոցեսների ընթացքի վրա:
Տարածքների նկատմամբ երկրորդ մոտեցումը կոչվում է հանրույթային ("հանրություն"` community բառից): Այս մոտեցման համաձայն, քաղաքական հարաբերությունների սուբյեկտ է հանդես գալիս տարածքային (հնարավոր է` տեղական) հանրությունը: Այս դեպքում շեշտը դրվում է մարդկանց այն միավորման վրա, ովքեր իրենց քաղաքական շահերը արտահայտելու համար հենվում են տարածքային համապատկանելիության հանգամանքի վրա` անկախ այդ տարածքի` վարչա-քաղաքական բաժանման հետ ունեցած ուղղակի կապերից[8]:
Հանրույթային մոտեցումը կոչվում է նաև կոմունիկատիվ մոտեցում: Բանը նրանումն է, որ հենց քաղաքական կոմունիկացիաներն են ստեղծում հանրություն, որը իրենից ներկայացնում է քաղաքական կոմունիկացիաների աշխարհագրական կոմպակտ կուտակում: Պարտադիր չէ զարգացած կոմունիկացիաների միակողմանի, միայն կոնսոլիդացնող էֆեկտ: Գլխավորն այն է, որ որոշակի տարածքում ձևավորվում է քաղաքական փոխազդեցություն: Դրա արդյունքը կարող է լինել ինչպես հասարակության կոնսոլիդացում, այնպես էլ` միմյանց փոխադարձ հակադրման արդյունքում հարևան սոցիալական խմբերի ներքին բևեռացում: Սակայն, ամեն դեպքում, ի հայտ է գալիս հանրույթային էֆեկտ` իր նշանով դրական կամ բացասական: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ հանրությունը գոյություն ունի, այն ձեռք է բերում քաղաքական սուբյեկտայնություն, այսինքն` տեղի է ունենում քաղաքական տարածությունում դրա ակտիվացում և ակտուալացում: Այլ հարց է այն, որ դա մյուս հանրությունների հետ հարաբերություններում ոչ միշտ է ունակ լինում հանդես գալու որպես  միասնական սուբյեկտ: Ուստի կոնսոլիդացված և բևեռացված հանրությունների տարբերումը ունի կարևոր կոնցեպտուալ նշանակություն[9]:
      Հանրության գոյության գլխավոր ինդիկատոր է հանդիսանում նույնականության առկայությունը: Այլ տերմինով կարելի է խոսել վայրի զգացողության(Ջ. Էգնյու) մասին: Հաճախ են նույնականության հիման վրա զարգանում այնպիսի " աշխարհագրականացված" քաղաքական գաղափարախոսություններ, ինչպես ազգայնականությունը և ռեգիոնալիզմը, որոնք վկայում են տվյալ հանրության քաղաքական շահերի զարգացման ավելի բարձր աստիճանի մասին:
         Հանրույթային մոտեցումը թույլ չի տալիս հաղթահարել ինստիտուցոնալ մոտեցման բոլոր թերությունները, որոնք կապված են "ֆորմալ‎" և "ռեալ" տարածքների հակադրությունների հետ: Եվ գոյություն ունի այս մոտեցման էֆեկտիվ համադրման պրոբլեմը:
         Սակայն հանրույթային մոտեցումը ի տարբերություն ինստիտուցիոնալի կարող է առավելագույնս օժանդակել ընտրական տարածքային համակարգերի անալիզի և վեր հանման պրոցեսին: Քանի որ դիտարկելով տարածքների քաղաքական ակտուալացման ոչ ֆորմալ ասպեկտները և, մասնավորապես, տարածքային հանրության անդամների կողմից իրենց միասնական շահերի ընկալումը և դրանով իսկ հանրության` քաղաքական պրոցեսների սուբյեկտի վերածվելը, այս մոտեցումը շեշտադրում է ընտրական/քաղաքական տարածքային համակարգերի ձևավորման գլխավոր գործոնը, որի մասին ակնարկվում է ընտրական տարածքային համակարգի` Է. Ֆայբուսովիչի կողմից առաջարկված սահմանման մեջ: Մասնավորապես, Ֆայբոսովիչը նշում է, որ ընտրական գեոհամակարգերը ''ընդգրկում են տարածքներ, որոնցում բնակչությունը հիմնականում միավորվում է ելնելով որոշ ընդհանուր շահերից, որոնք կապված են բնակության վայրով, տնտեսական, մշակութային, քաղաքական ¥այդ թվում ազգային) առանձնահատկություններով ''(ընդգծումը` Հ. Ղ.) [10]:
      Այսպիսով, տեսնում ենք, որ տարածքների նկատմամբ հանրույթային մոտեցումը շեշտադրելով ընտրական տարածքային համակարգերի ձևավորման ամենահիմնական գործոնը, այն է` բնակչության միավորումը ելնելով որոշ ընդհանուր շահերից, հանդիսանում է ընտրական տարածքային համակարգերի անալիզի հիմնական մոտեցում:
          Եվ ահա մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում "սովորական" տարածքային հանրության վերածվելը քաղաքականի, տարածքի կողմից քաղաքական սուբյեկտի հատկանիշների ձեռք բերումը: Այս պրոցեսը կոչվում է ռեգիոնի (տարածքի) քաղաքական ակտուալացում:
       Այս վերջին պրոցեսը չնայած իր մեջ բովանդակում է բազմաթիվ բաղադրիչներին և պրոցեսներին ընթացք հաղորդող պայմաններ ու գործոններ, որոնք իրենց բնույթով քաղաքաաշխարհագրական չեն, սակայն տարածքի և շրջանի քաղաքաաշխարհագրական անալիզը միայն կարող է բացատրել շրջանի քաղաքական ակտուալացման ինքնատիպ գործոնների համալիրը և հատկապես այդ ակտուալացման պրոցեսում դրանց սիներգետիկական  էֆեկտը: Ընդ որում այս մասին կարելի է խոսել ոչ թե ելնելով այն հանագամանքից, որ աշխարհագրական մոտեցումը լինելով համալիր հնարավորություն է տալիս հասնել երևույթի գիտական ուսումնասիրության օբյեկտիվ արդյունքների, այլ այն փաստը, որ քաղաքական աշխարհագրության սահմաններում մշակված լինելով վայրի և կոնտեքստի կոնցեպցիաները, դրանք հանրույթային մոտեցմանը հնարավորություն են տալիս վեր հանել տարածքի` քաղաքական սուբյեկտի վերածման բազմաբովանդակ պրոցեսները:
     Եվ ճիշտ է նկատում Ռ. Տուրովսկին, որ ''տարածքի նկատմամբ կոնտեքստուալ մոտեցումը ոչ մի դեպքում չի ժխտում ինստիտուցիոնալ և հանրույթային մոտեցումներին, այլ զարգացնում է լրացնում է դրանք: Համաձայն այս մոտեցման տարածքը (վայրը) ընկալվում է որպես քաղաքական ենթատեքստ''[11]: Սակայն Տուրովսկին տարածքների  քաղաքական ակտուալացման պրոցեսի ուսումնասիրության համար կոնտեքստուալ մոտեցումը դիտարկում է որպես առանձին` երրորդ մոտեցում սակայն կարծում ենք, որ ընտրական տարածքային համակարգերի ուսումնասիրության պրոցեսում ավելի ճիշտ կլինի կոնտեքստուալ մոտեցումը դիտարկել հանրույթային մոտեցման շրջանակներում` որպես նրան օժանդակող մոտեցում, քանի որ Տուրովսկին այն որպես երրորդ` առանձին մոտեցում է դիտարկում այնպիսի տարածքային քաղաքական համակարգերի ուսումնասիրության դեպքում, որոնք հանդես են գալիս պետության ներսում "կենտրոն-ծայրամաս" հարաբերությունների սուբյեկտ:
              
                Այժմ ավելի մանրամասն անդրադառնանք կոնտեքստուալ մոտեցմանը:
    Զբաղվելով քաղաքական աշխարհագրության բնագավառում մասշտաբի հիմնախնդրով, ամերիկյան աշխարհագետ Ջ. Էգնյուն 1987 թվականին մշակեց վայրի կոնցեպցիան և այսպես կոչված կոնտեքստուալ մոտեցումը: Դրանց էությունը կազմում են հետևյալ երկու գլխավոր գաղափարները.
        Վայրը, որպես քաղաքական տարածության նախնական բջիջ հանդես է գալիս տարբեր մակարդակներում(գլոբալից մինչև լոկալ) ընթացող պրոցեսների փոխազդեցության արենա: Այնտեղ գործող հասարակական ինստիտուտները (եկեղեցական ծխերը, արհեստակցական կազմակերպությունները, տեղական ԶԼՄ-ները և այլն) նպաստում են մարդկանց գիտակցության մեջ աշխարհի մասին պատկերացումների ձևավորմանը, որոնց վրա նրանք հենվում են` փորձելով հարմարվել ազդակներին, որոնք գալիս են գլոբալ, ազգային մակարդակներից:
       Երկրորդ գաղափարի էությունն այն է, որ քաղաքական պրոցեսների(ընտրական կամպանիաների ընթացքից և արդյունքներից մինչև ազգայնականության բռնկումներ և մունիցիպալ քաղաքականության առանձնահատկություններ) տարածական բաշխումը կարելի է բացատրել վայրի էֆեկտով(տարածական կոնտեքստով) [12]: Իսկ տարածական կոնտեքստը վայրի պատմական, տնտեսական և այլ առանձնահատկությունների և աշխարհի հետ դրա հարաբերությունների արտացոլումն է: Այն արտացոլում է տվյալ վայրի դիրքը տարբեր մակարդակի(գլոբալ, ազգային, շրջանային, քաղաքային ագլոմերացիայի) ''կոնտրոն-ծայրամաս'' համակարգերում: Կոնտեքստը նաև բացատրում է, թե ինչպես է աշխարհագրական տարածությունը վերափոխում քաղաքական գործունեությունը և, մասնավորապես, ինչպես է բարձր տարածքային մակարդակների ազդեցությունը միջնորդվում լոկալ մակարդակի` վայրի վրա[13]:
        Հետաքրքիր է այն հանգամանքը, որ կոնտեքստի և վայրի կոնցեպցիաները առավել լայն տարածում գտան ընտրությունների աշխարհագրության բնագավառի աշխատանքներում: Քանի որ այնպիսի քաղաքական պրոցեսի ռեգիոնալ առանձնահատկությունները, ինչպիսին` ընտրություններն են կարելի է բացատրել միայն կոնկրետ ռեգիոնների առանձնահատկությունների և ինքնատիպության հաշվի առնման դեպքում: Որովհետև, ի տարբերություն այլ քաղաքական գործընթացների, որոնց վրա վայրերի առանձնահատկությունների ազդեցությունը աննշան է և ոչ էական, միայն ընտրություններն են, որոնք արտացոլում են տվյալ երկրի ռեգիոնալ բազմազանությունը(ոչ միայն քաղաքական), և ընտրությունների արդյունքներում են միայն լավ արտացոլվում  ռեգիոնալ առանձնահատկությունների ազդեցությամբ համապետական քաղաքական պրոցեսների վերափոխվումը: Ուստի այս կոնտեքստուալ մոտեցումը ընտրական պրոցեսների և տարածքային համակարգերի ուսումնասիրության էֆեկտիվ միջոց է:
     
        Վայրի քաղաքական առանձնահատկությունները տնտեսական գործունեության և քաղաքական-մշակութային պայմանների սիներգետիկական էֆեկտն է[14]:
Էգնյուն առանձնեցնում է տարածական կոնտեքստի հետևյալ էլեմենտները, որոնք կարծում ենք, առանցքային նշանակություն ունեն նաև ընտրական  և քաղաքական տարածքային համակարգերի ձևավորման, գործառնման և դինամիկայի պրոցեսում: Դրանք են(բերվում է ըստ` [Колосов В. А., Мироненко Н. С., Геополитика и политическая география,, էջ 281-282]).
• աշխատանքի փոփոխվող տարածքային բաժանումը, որը արտացոլվում է ներդրումների, աշխատուժի և արտադրության միջոցների տարածական բաշխվածությունում: Նրա զարգացման մեջ յուրաքանչյուր նոր պտույտը տարածքի վրա թողնում է հերթական տնտեսական և մշակութային շերտը` ստեղծելով յուրաքանչյուր վայրի անհատական պատմությունը,
•    վայրի հասանելիությունը, կամ այլ տերմինով ասած, նրա դիրքը ցանցերում` որոնցով շրջանառվում է ինֆորմացիան և տարածվում են նորարարությունները: Այն իր հերթին կախված է տարաբնակեցման համակարգի հիերարխիայում, պետական և լեզվաբանական սահմանների, կոմունիկացիոն ցանցերի նկատմամբ ունեցած դիրքից, ինչպես նաև վերջիններիս տեխնոլոգիայի զարգացման մակարդակից: Բոլոր այս գործոնները հեշտացնում կամ դժվարացնում են վայրերի միջև փոխազդեցությունը,
•    վայրի և կենտրոնի միջև հարաբերություններում առկա լարվածությունը, պետության կողմից ընտրողների վստահության և լեգիտիմության ապահովման համար վայրերի միջև միջոցների վերաբաշխումը,
•  վայրերի միջև բնակչության կառուցվածի, ինչպես նաև սոցիալական և էթնիկ տարբերությունների առկայությունը, տվյալ վայրի համար դրանց հարաբերական կարևորությունը, տեղական քաղաքական շարժումների ձևավորման, գործունեության և լիդերների պոպուլյարության գործում դրանց դերը,
•   երկրի, շրջանի, վայրի զարգացման, ինչպես նաև սոցիալական և էթնիկ խմբերի հեռանկարին վերաբերվող հարցերի շուրջ տեղական քաղաքական շարժումների պահանջները,
•    ''առօրյա կյանքի միկրոաշխարհագրությունը", որը պայմանավորում է մարդկանց և սոցիալական խմբերի միջև փոխազդեցությունների ուղղությունները` կապված բնակության, կրթության, հանգստի և այլ խնդիրների լուծման հետ և սեփական վայրի հետ կապվածության զգացումը(լոկալ նույնականությունը)` ''ճակատագրի ընդհանրությունը'':
Այսպիսով, այս պրոցեսները և գործոնները ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համալիր կերպով իրենց դերն ունեն ընտրական տարածքային համակարգերի ձևավորման, զարգացման և դինամիկայի պրոցեսում, ընդ որում այս գործոնների համալիրը բերում է ոչ միայն քաղաքական տարածության հորիզոնական ֆրագմենտացման և որպես արդյունք` ինքնատիպ տարածքային համակարգերի ձևավորման, այլև յուրաքանչյուր տարածքում այդ գործոնները և դրանց ինքնատիպ համալիրը` ինքնատիպ հորիզոնական ֆրագմենտացիայի հետ մեկտեղ բերում է ընտրական տարածքային համակարգերի ենթակարգայնության հետաքրքիր պատկերի:
       Սակայն տարածական կոնտեքստի էլեմենտներից յուրաքանչյուրի բովանդակության մեջ ներթափանցելով մենք նորից նկատում ենք, որ դրանցից յուրաքանչյուրը իր ազդեցությունը և ներդրումը ունենալով ռեգիոնալ(կամ լոկալ) շահի(որի շուրջ համախմբվում է տարածքի բնակչությունը) ձևավորման պրոցեսում այդ վերջինիս միջոցով է հանդես գալիս որպես ընտրական տարածքային համակարգերի ձևավորման և գործառնման ակտոր: Քանի որ մեր կողմից արդեն նշվել է, որ տվյալ տարածքի բնակչության կողմից ռեգիոնալ կամ լոկալ շահի գիտակցումն է, որ հանդես է գալիս ընտրական տարածքային համակարգերի գլխավոր համակարգագոյացնող գործոն:
    Ռեգիոնալ կամ լոկալ քաղաքական շահը "մաքուր տեսքով" իրենից ներկայացնում է տեղական հանրության բազմազան շահերի սինթեզ, որը ընթանում է կոնկրետ տեղական, ունիկալ պայմանների ազդեցության տակ: Այն հիմնված է զարգացած ռեգիոնալ նույնականության վրա, որը չունի էթնիկ և անգամ սուբէթնիկ բնույթ և կապված է միայն վայրի ընկալմամբ, որը ըստ հանրության անդամների, կարիք  ունի աջակցության, պաշտպանության: Ռեգիոնալ շահի առանձնահատկությունն է հանդիսանում նրա ունիկալությունը, այսինքն այն համարժեք չէ ''ոչ ռեգիոնալ ծագման'' այս կամ այն շահերի պարզ գումարին: Ռեգիոնալ շահի կոնկրետ բաղկացուցիչները միևնույն ժամանակ ունեն ինչպես արժեքային (տեղական մշակույթային առանձնահատկությունների պաշտպանություն), այնպես էլ նյութական (տնտեսական պահանջների) բնույթ: Բաղկացուցիչներից մեկը կարող է լինել նաև պայքարը տարածքի քաղաքական կարգավիճակի` որպես հոգևոր և նյութական պահանջների իրականացման պայմանի, համար: Շատ հաճախ, սակայն ոչ պարտադիր կերպով գերիշխում է երկրորդը: Բովանդակային առումով ռեգիոնալ շահերը կապված են պատմա-մշակութային, քաղաքական-տնտեսական և քաղաքական-կառավարչական բնույթի խզվածքների հետ[15]:
  
      Տարածքի վերածումը քաղաքական ակտիվ սուբյեկտի նպատակահարմար է դիտարկել շահերի խմբի (группа интересов) ձևավորման անալոգիայով: Եթե տարածքը դառնում է քաղաքական հանրություն (сообщество), դա նշանակում է, որ այն ձեռք է բերում շահերի խմբի հատկանիշներ: Ընթանում է քաղաքականապես պասիվ տարածքային հանրության վերածում ակտիվի, որը պետք է ընդունել որպես ավելի զարգացած, ձևավորված: Հետևաբար, տարածքը իր քաղաքական զարգացման ընթացքում անցնում է շահերի խմբի զարգացման հայտնի արտիկուլյացիայից (Articulation) մինչև ագրեգավորում (Aggregation- միավորում, կապակցում) [16]:
       Արևմտյան հայտնի աղբյուրներում շահերի արտիկուլյացիայի ձևերը դիտարկվում են առանձին քաղաքացիների և սոցիալական խմբերի նկատմամբ: Միևնույն ժամանակ, քաղաքականապես զարգացած տարածքային հանրությունը, որը ունի իր ռեգիոնալ շահերը, կարող է նաև դիտարկվել որպես սոցիալական խմբի անալոգ: Դրա նկատմամբ կիրառելի են քաղաքական շահերի արտիկուլյացիայի բոլոր ձևերը, ինչպես օրինակ քվեարկությունը ընտրությունների ժամանակ և դրա հետ կապված քարոզչական և կուսակցական գործունեությունը, ոչ ֆորմալ խմբի կամ սոցիալական շարժման ստեղծումը, իշխանական էլիտաների(մասնավորապես` տեղական իշխանության ներկայացուցիչների) հետ անմիջական շփումը և ընդդիմադիր գործունեությունը, որը նույնպես սովորաբար ունի լոկալացված բնույթ[17]:
    Քաղաքականապես ակտիվ տարածքային հանրությունը իրենից ներկայացնում է շահերի ոչ ասոցիատիվ խումբ: Այդ խմբերին բնորոշ է ''շահերի ընդհանրություն` կապված էթնիկ պատկանելիության, բնակության վայրի, դավանանքի, զբաղմունքի տեսակի, ինչպես նաև, հնարավոր է,  արյունակցական կապի հետ'' : Ինչպես երևում է սահմանումից, բնակության վայրը հանդիսանում է գործոններից մեկը, որը նպաստում է ոչ ասոցիատիվ խմբերի ձևավորմանը[18]:
     Տարածքներում շահերի ոչ ասոցիատիվ խմբերի հիման վրա, դրանց որակական վերափոխման պրոցեսում կարող են ձևավորվել ասոցիատիվ խմբեր, որոնք կոչված են ապահովելու շահերի մշտական ներկայացչություն և ունեն առավել կամ նվազ չափով ֆիքսված անդամակցություն: Դրանք ռեգիոնալ և լոկալ հասարակական կազմակարպություններն են, որոնք պաշտպանում են տեղական շահերի ամբողջությունը(տարածքային ասոցիատիվ խմբի իդեալական տիպ) կամ էլ տվյալ տարածքում ապրող առանձին սոցիալական խմբերի շահերը(տարածքային ասոցիատիվ խմբերի խառը տիպ): Կարևոր է, որ շահերի տարածքային կամ սոցիալ-տարածքային խմբերը հանդիսանում են քաղաքական սոցիալականացման ագենտներ: Դրանց գործունեությունը վայրը դարձնում է քաղաքական կոնտեքստ, անհատին կապում է վայրի հետ և ազդում է նրա քաղաքական դիրքորոշումների վրա: Արդյունքում դա բերում է լոկալ քաղաքական հայացքների և կողմնորոշումների ձևավորման, որոնց ուսումնասիրությունը մինչև վերջերս հասանելի էր միայն միկրոսոցիոլոգիային կամ էլ դրանք ընտրությունների արդյունքների լոկալ շեղումների ուսումնասիրության ժամանակ դիտվում էին որպես post factum(այդ լոկոլ շեղումները ընդունված է կապել ''լոկալ գործոնների'' հետ, որոնք մնում են անորոշության ''սև արկղում'')19]:
Տարածքային հանրության քաղաքական զարգացման հաջորդ փուլը ենթադրում է ռեգիոնալ շահերի ագրեգավորման պրոցեսում ռեգիոնալ կուսակցությունների ֆենոմենի առաջացում և այդ ռեգիոնալ շահերի վերածումը կուսակցական ծրագրերի''[20]:
      Քաղաքական ոլորտում տարածքային հանրության ակտուալացման վերը նկարագրված ''տեխնոլոգիան'', ըստ Ռ. Տուրովսկու, ինքնին չի բացատրում այս երևույթի պատճառները և ''տարածքի վերածումը ակտիվ քաղաքական հանրության ճիշտ կլիներ կապել քաղաքական մշակույթի հետ''[21]:

      Իհարկե մենք այստեղ մանրամասն կերպով չենք քննարկի քաղաքական մշակույթի դերը տարածքների քաղաքական ակտուալացման պրոցեսում, քանի որ քաղաքական մշակույթի ուսումնասիրությունը գտնվում է այլ` քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության և մշակութաբանության սահմաններում: Սակայն արդեն խոսել ենք, որ տարածքը կարող է ձեռք բերել ընտրական համակարգի հատկանիշներ միայն բնակչության կողմից իր շահերի միասնականության ընկալման պայմաններում: Իսկ վերջինս, այսինքն տվյալ տարածքի բնակչության կողմից իր շահերի միասնականության զգացումը(կամ դրա բացակայությունը) շատ դեպքերում պայմանավորված է լինում նրանց քաղաքական մշակույթի տիպով: Ուստի համառոտ անդրադառնանք քաղաքական մշակույթի տիպերին և տարածքների քաղաքական ակտուալացման գործում դրանց ունեցած դերին:
Ներկայումս քաղաքագիտության և հարակից ոլորտներում լայն տարածում ունի Ֆ. Խյունքսի և Ֆ. Հիքսպուրսի կողմից իրականացված քաղաքական մշակույթների ժամանակակից դասակարգումը, որը լրացնում է Գ. Ալմոնդի և Ս. Վերբայի դասակարգմանը: Խյունքսը և Հիքսպուրսը Ալմոնդի և Վերբայի առանձնեցրած ավանդական-փարոքիալ, հպատակային, մասնակցային  քաղաքական մշակույթի տիպերը լրացրեցին քաղաքական մշակույթի հետևյալ տիպերով. քաղաքացիական, քաղաքացիական մասնակցային, հաճախորդային, բողոքական, ինքնավար, որոնք իրենց բնույթով ակտիվ մշակույթներ են և չորս տարատեսակով հանդես եկող դիտորդների պասիվ մշակույթ, որոնք նշանակվում են համարներով[22] (տե´ս Աղ. 1):


Աղյուսակ  1:Քաղաքական ենթամշակույթների տիպերը, կողմնորոշումները և ցուցիչները(ըստ Խյունքսի և Հիքսպուրսի)[23]

Տեսակի անվանումը
Կողմնորոշումը դեպի օբյեկտները
''Համակարգ''
''Ելք''
Ակտոր¥''Ես''-ի կողմնորոշումը¤
Կողմնորոշումների էմպիրիկ ցուցանիշները
"Սուբյեկտիվ քաղաքական հետաքրքրություն"
"Քաղաքական վստահություն"
"Մասնակցությունը քաղաքական գործընթացներին"
բարձր
միջին
ցածր
բարձր
ցածր
բարձր
ցածր
Պասիվ մշակույթներ
Ավանդական
-
-
+
-
+
-
+
Հպատակային
-
-
+
+
-
-
+
Դիտորդական ¥4¤
--
+
--
--
+
--
+
Դիտորդական¥3¤
--
+
--
+
--
--
+
Դիտորդական¥2¤
+
--
--
--
+
--
+
Դիտորդական¥1¤
+
--
--
+
--
--
+
Ակտիվ մշակույթներ
Բողոքական
--
--
+
--
+
+
--
Հաճախորդային
--
--
+
+
--
+
--
Ինքնավար
--
+
--
--
+
+
--
Քաղաքացիական
--
+
--
+
--
+
--
Մասնակցային
+
--
--
--
+
+
--
Քաղաքացիական մասնակցային
+
--
--
+
-
+
--
Ծանոթագրություն.
¥-¤` կողմնորոշման բացակայությունը կամ շատ թույլ արտահայտումը,
¥-¤` կողմնորոշման գոյությունը      
 
   Ներկայացված աղյուսակից երևում է, թե ինչ հատկանիշներ են բնորոշ նշված մշակույթների տիպերից յուրաքանչյուրին: Պասիվ  խումբը` ավելի ցածր հետաքրքրությունը դեպի քաղաքականությունը, բնորոշ է ավանդական (նահապետական, ''ծխական') և հպատակային (ենթարկման) մշակույթների տիպերին: Քաղաքական անտարբերությունը (ապատիան) համապատասխանաբար բերում է մասնակցության ցածր մակարդակի:
     Դիտորդական մշակույթը, որը տիպաբանության հեղինակներն աստիճանավորում են չորս մակարդակների, բնութագրվում է որպես համեմատաբար ավելի մեծ սուբյեկտիվ հետաքրքրություն ունեցող մակարդակ` տվյալ խմբի մեջ:
   Ակտիվ տիպերը տարբերվում են կողմնորոշումների ուղղվածությամբ` ի օգուտ համակարգի և համակարգին դեմ: "Հակա-համակարգային" տիպին են պատկանում բողոքական, ինքնավար և մասնակցային մշակույթները, իսկ "համակարգային"-ին` "հաճախորդայինը", քաղաքացիականը և քաղաքացիական մասնակցայինը: Այս առումով, բողոքական տիպը բնորոշվում է  վստահության ամենացածր մակարդակով: Սրան մոտ է ինքնավար տիպը, որն ունի փոքր ինչ ավելի մեծ սուբյեկտիվ հետաքրքրություն: Բոլոր այս տիպերին, ընդհանուր առմամբ, բնորոշ է ակտիվ դիրքորոշումը` ուղղված քաղաքական կյանքին անձնական մասնակցությանը [24]:
    Եվ ըստ Ռ. Տուրովսկու, գործող վարկածի մակարդակում կարելի է ենթադրել, որ տարածքային քաղաքական հանրությունների ակտիվացումը բնորոշ է մասնակցային և այլ ակտիվ քաղաքական մշակույթներին: Իրականում, այդ հանրություններում ռեգիոնալ շահի գիտակցումը ընթանում է ավելի արագ, որից հետո պարտադիր կերպով հետևում է քաղաքական գործունեությունը: Ըստ նրա սխալ կլիներ սահմանափակվել միայն ակտիվացման մասնակցային մոդելով, որը կապված է համանուն քաղաքական մշակույթի հետ: Ռեգիոնալ քաղաքական ակտիվություն հնարավոր է պասիվ մշակույթների առկայության դեպքում, սակայն այդ դեպքում դա ընդունում է այլ ձևեր: Մասնավորապես այդ ձևերն են տարածքային հանրության ակտիվացման էլիտար և ռեակտիվ մոդելները[25]:
    Տարածքային հանրության ակտիվացման էլիտար մոդելը հանդիպում է ավանդական քաղաքական մշակույթներում, ինչպես նաև կարող է հանդիպել հպատակային մշակույթներում: Այսպիսի քաղաքական մշակույթներին ավելի բնորոշ է հասարակության բաժանվածությունը էլիտաների և զանգվածների: այստեղ ռեգիոնալ քաղաքական ակտիվության սուբյեկտ է դառնում տեղական էլիտան, որն անհրաժեշտության դեպքում իրականացնում է զանգվածների մոբիլիզացում` օգտվելով իր ազդեցությունից և հեղինակությունից: Այդ դեպքում ռեգիոնալ քաղաքական շահը մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխատեղվում է ռեգիոնալ էլիտայի շահով:
    Ռեակտիվ մոդելը առավել բնորոշ է հպատակային մշակույթին, սակայն հնարավոր է նաև ավանդական մշակույթի դեպքում: Ռեգիոնալ շահերի արտիկուլյացիան և ագրեգավորումը այստեղ անընդհատ չէ տեղի ունենում` ինչպես դա բնորոշ է մասնակցային մշակույթին: Դա առավելապես առաջանում է ինքնաբուխ կերպով` որպես ռեակցիա արտաքին աշխարհից (կենտրոն, այլ հանրություններ, այլ պետություններ) եկող մարտահրավերներին: Որպեսի խթանեն քաղաքական ակտիվությանը, այս մարտահրավերները պետք է ունենան ակնհայտ վտանգի բնույթ, որը առնչվում է տվյալ հանրության շահերին, բուն գոյությանը և բարեկեցությանը:
       Այս երկու մոդելների` էլիտար և ռեակտիվ, ներմուծումը թույլ է տալիս բացատրելու տարածքային հանրությունների ակտիվացման պատճառները ցանկացած հասարակությունում[26]:
    Այսպիսով, այս վերը շարադրվածը եթե դիտարկենք ընտրական տարածքային համակարգերի ձևավորման ու գործառնման համատեքստում, ապա կարող ենք միանշանակորեն ասել, որ դրանց ձևավորման ու գործառնման պրոցեսում բնակչության քաղաքական մշակույթը ունի առանցքային նշանակություն, քանի որ ինչպես տեսնում ենք վերը շարադրվածից, ռեգիոնալ շահի գիտակցումը և դրա շուրջ բնակչության կոնսոլիդացումը հնարավոր է քաղաքական կուլտուրայի որոշակի տիպի գերակայության դեպքում:
    Բացի քաղաքական մշակույթից, ընտրական գեոհամակարգերի ձևավորման գործում կարևոր դեր է ունի նաև ռեգիոնալ նույնականությունը, որը ըստ Բ. Անդերսոնի "կարելի է դիտարկել ռեգիոնի` որպես սոցիալ-քաղաքական տարածության և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման առանցքային տարր"[27]:
        Ընդ որում ռեգիոնալ նույնականության գոյությունը ևս պահանջում է արտաքին աշխարհից եկող մշտական վտանգ. դա "մենք" և "նրանք"-ի բինար տրամաբանությունն է, որը կարող է ռեգիոնալ նույնականությանը հաղորդել անգամ ագրեսիվ բնույթ և բերել ռեգիոնալիզմի ու անգամ անջատողականության:    Ինչպես ցույց են տալիս Պ. Ֆրանկենբերգը և Ջ. Շուբաերը, ռեգիոնալ նույնականությունը ներառում է երեք հիմնական բաղադրիչ:
    Առաջին բաղադրիչի` կոգնիտիվի, ճանաչողականի, էությունն  այն է, որ քաղաքացիները պետք է գիտակցեն իրենց ռեգիոնի գոյությունը և նրա աշխարհագրական սահմանները: Դա, առաջին  հերթին, պահանջում է սեփական ռեգիոնի և հարևան ռեգիոնների մասին որոշակի գիտելիքներ այն առումով, որ "սեփական" ռեգիոնը հեշտ լինի սահմանազատել "օտարների "  ռեգիոնից: Ռեգիոնի բնակչությունը պետք է իմանա դրա բնորոշ բնութագրիչների մասին` լինեն դրանք ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկությունները, առանձնահատուկ պատմությունը կամ տնտեսական պրոֆիլը:
    Ռեգիոնալ նույնականության երկրորդ` աֆիրմատիվ(հաստատական), բաղադրիչը հանդես է գալիս որպես կոգնիտիվ բաղադրիչի մեկանաբանության ձև և ներառում է սեփական ռեգիոնին վերաբերող էմոցիաների(զգացումների) ամբողջությունը, ինչպես նաև այն, թե ռեգիոնը որքանով է ապահովում հիմքեր ընդհանուր էմոցիաների և սոլիդարության զգացումների համար: Նույնականության ա‎ֆիրմատիվ և կոգնիտիվ բաղադրիչները կապված են նրա երրորդ` ինստրումենտալ բաղադրիչի հետ, երբ ռեգիոնը բնակչության սոցիալական և քաղաքական  մոբիլիզացման ու կոլեկտիվ գործունեության համար օգտագործվում է որպես հիմք (հղումը ըստ` Бусыгина И. Политическая регионалистика: Учеб пособие. М.; МГИМО, 2006, էջ 161-162):
     Ինստրումենտալ բաղադրիչը կարելի է համարել բարձրագույն բաղադրիչ այն առումով, որ այն զարգանում է առաջին երկուսի` կոգնիտիվի և աֆիրմատիվի հիման վրա: Նույնականության ինստրումենտալ բաղադրիչը արտացոլվում է բնակչության առանձնահատուկ քաղաքական կուլտուրայում (առաջին հերթին ընտրական կուլտուրայում), սակայն առավել չափով` ռեգիոնալ կուսակցությունների և շարժումների ձևավորման պրոցեսում: Արդյունքում, ռեգիոնալ նույնականությունը հիմք կարող է ծառայել համապետական քաղաքական պրոբլեմեների առանձնահատուկ ընկալման համար, որն էլ համազգային ընտրություններում և հանրաքվեներում արտահայտվում է առանձնահատուկ ընտրական վարքի տեսքով[28]:
     Վերը շարադրվածից կարելի է հանգել այն եզրակացության, որ ռեգիոնալ քաղաքական մշակույթի և ռեգիոնալ նույնականության միջև սահմանը հստակ չէ և հետևաբար, հստակ չէ նաև այն սահմանը, որը արտացոլում է ընտրական տարածքային համակարգերի ձևավորման ու գործառնման պրոցեսում քաղաքական մշակույթի և ռեգիոնալ նույնականության դերը: Անգամ եթե վերլուծում ենք ռեգիոնալ քաղաքական մշակույթի և ռեգիոնալ նույնականության ձևավորման և արմատավորման գործոններն ու պայմանները, այս դեպքում ևս անհնար է հստակ պատկերացում կազմել այս երկու կատեգորիաների նմանության կամ տարբերության մասին:
   Ռեգիոնալ նույնականության զարգացումը ենթադրում է երկու տիպի նախապայմանների առկայություն. այն կարող է արմատավորված լինել առանձնահատուկ ռեգիոնալ պատմությունում, ավանդություններում կամ առասպելներում(որոնք հաճախ հանդես են գալիս որպես անցյալի մեկնաբանություններ), լեզվում, կրոնում, ռեգիոնալ գրականությունում, երաժշտությունում, ֆոլկլյորում: Այս ամենը հանդես են գալիս որպես ռեգիոնալ նույնականության զարգացման մշակութային բնույթի նախապայմաններ: Մշակույթի կողմից ձևավորվող համապատկանելիության զգացումը հանդիսանում է ռեգիոնի սոլիդարության հզոր կատալիզատոր[29]:
       Սակայն ռեգիոնալ նույնականությունը կարող է ձևավորվել նաև սոցիալ-տնտեսական բնույթ ունեցող նախապայմանների ազդեցության ներքո, այսինքն արմատավորված լինի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի միջռեգիոնալ անհամամասնություններում: Ընդ որում այս դեպքում քաղաքական պահանջներ կարող են առաջ քաշել ինչպես հարաբերականորեն բարգավաճող ռեգիոնները(երբ խոսք է գնում աղքատ ռեգիոններին անընդհատ օժանդակելու մասին), այնպես էլ հարաբերականորեն աղքատ ռեգիոնները:
    Այնուամենայնիվ, ճիշտ է նկատում Ի. Բուսիգինան, որ "ռեգիոնալ նույնականության ձևավորման մշակութային և սոցիալ-տնտեսական նախապայմանները հնարավոր է բաժանել միայն պայմանականորեն, մեծամասամբ դեպքերում խոսք է գնում դրանց զուգակցման մասին"[30]: Եվ նա նշում է, որ օրինակ, Կորսիկայում առանձնահատուկ նույնականության ձևավորումը տեղի է ունեցել մշակութային-պատմական հենքի վրա, սակայն միևնույն ժամանակ այդ ռեգիոնը հանդիսանում է Ֆրանսիայում գրեթե ամենաաղքատը, ինչը նույնպես ամրապնդում է ռեգիոնալ նույնականությունը, նպաստում ռեգիոնի ինքնամեկուսացմանը: Եվ այս հեղինակը վերը շարադրվածի հետ կապված առաջարկում է սխեմա(տե´ս Սխեմա 1), որում ոչ միայն արտացոլված են ռեգիոնալ նույնականության արմատավորման նախապայմանները, այլ նաև(որը տվյալ դեպքում խիստ կարևոր է) ռեգիոնալ նույնականության և քաղաքական մշակույթի ենթակարգային հարաբերությունները:
    Ինչպես տեսնում ենք սխեմայից ռեգիոնալ նույնականությունը, մասնավորապես նրա ինստրումենտալ ասպեկտը դիտվում է որպես ռեգիոնալ քաղաքական մշակույթի ձևավորման և արմատավորման հիմք: Սակայն սխեմայում մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես ռեգիոնալ նույնականության և քաղաքական մշակույթի ազդեցությամբ ռեգիոնալիզմի ի հայտ գալը: Եվ հենց այս քաղաքական ռեգիոնալիզմն է, որը բերում է ռեգիոնի բնակչության կողմից իր շահերի ընկալման և վերջին հաշվով` ընտրական և քաղաքական տարածքային համակարգերի ձևավորման:
    Իհարկե որոշ դեպքերում այս քաղաքական ռեգիոնալիզմը կարող է ունենալ ծայրահեղ դրսևորումներ` սեցեսիոն, իրեդենտիստական և անջատողական շարժումների տեսքով: Այս դեպքում քաղաքական և ընտրական տարածքային համակարգերի զբաղեցրած տարածքը և սահմանները առավել քան ակնհայտ են լինում:
   Ռեգիոնալ նույնականության պատմամշակութային և սոցիալ-տնտեսական նախապայմանների վրա պրոյեկտվում է մի կարևոր գործոն ևս ` կամ վայրի հեռավորությունը "կենտրոնից"(ծայրամասայնության աստիճանը), կամ երկրի մակրոտարածաշրջանների միջև առկա խիստ տարբերությունները[31]:

Սխեմա 1 [32]


   Եվ կարելի է միանշանակորեն ասել, որ չնայած այս կամ այն տարածքի աշխարհագրական էլեմենտները իրենց ազդեցությունն են ունենում ռեգիոնալ նույնականության, քաղաքական մշակույթի, տարածքի տնտեսական պրոֆիլի վրա և այլն, սակայն ընտրական տարածքային համակարգերի ձևավորման և զարգացման գործում այդ աշխարհագրական էլեմենտների ազդեցությունը անմիջական չէ, միջնորդված է այդ ռեգիոնալ նույնականության, քաղաքական մշակույթի, տնտեսական պրոֆիլի և այլ պայմաններով: Ընդ որում այս վերջիններիս վրա ևս շատ դեպքերում տարածքի աշխարհագրական էլեմենտները ազդում են միջնորդված կերպով: Այսպես, յուրահատուկ քաղաքական մշակույթի ձևավորումը կարող է պայմանավորված լինել երկրի տվյալ շրջանի աշխարհագրական մեկուսացվածությամբ, մասնավորապես, երբ վերջինիս շնորհիվ պատմա-քաղաքական և սոցիալ-տնտեսական պրոցեսները այդ շրջանում ստացել են ինքնուրույն ընթացք, իսկ վերջինս էլ ժամանակի ընթացքում բերել է համապատասխան ռեգիոնալ նույնականության և ռեգիոնալ քաղաքական մշակույթի ձևավորման ու վերջիններիս արդյունք կարող է լինել քաղաքական ռեգիոնալիզմի դրսևորումների տարբեր ձևերը և որպես արդյունք` ընտրական ու քաղաքական տարածքային համակարգերի ձևավորումը: Եվ միայն վայրի աշխարհագրական դիրքն է, որ համեմատած այլ աշխարհագրական բնութագրիչների հետ ավելի անմիջականորեն կարող է ազդել ընտրական տարածքային համակարգերի վրա: Մասնավորապես, տարածքների կենտրոնականության աստիճանը ուղղակիրորեն ազդում է դրանցում քաղաքական ինֆորմացիայի շրջանառության և դիֆուզիայի արագության վրա, որն էլ բերում է տարբեր տարածքներում քաղաքական պրոցեսների ընկալման և դրանց նկատմամբ ադապտացման տարբերությունների և որպես արդյունք` երկրի տարածքի քաղաքական ֆրագմենտացման: Սակայն պետք է ընդունել, որ հեռահաղորդակցության և ինֆորմացիոն ոլորտի արդի զարգացումների պայմաններում, երբ տարածքներում քաղաքական ինֆորմացիայի տարածման բնույթը և արագությունը փոխվում է օր օրի, ռեգիոնի աշխարհագրական դիրքը որոշ երկրներում այլևս այն ազդեցությունը չունի այդ ռեգիոնում քաղաքական պրոցեսների ընթացքի վրա ինչպես դա նախկինում էր:
    Սակայն եթե տարածքի աշխարհագրական բնութագրիչները ընտրական տարածքային համակարգերի ձևավորման ու զարգացման գործում ունեն միջնոդված ազդեցություն, ապա ուսումնասիրության ընթացքում դա ոչ թե պետք է բերի այդ գործոնների անտեսման, այլ ընդհակառակը` դրանց վեր հանման և մեկնաբանության համար ավելի խորը վերլուծությունների և ուսումնասիրությունների:
    Վերը մեր կողմից փորձ կատարվեց վերլուծել ընտրական/քաղաքական տարածքային համակարգերի ձևավորման և դրանց դինամիկայի հիմնական գործոնները: Սակայն իրականում այդ գործոնները այնքան բազմազան են ու յուրաքանչյուր երկրում ինքնատիպ բնույթ ունեն, որ այս աշխատանքում անհնար է իրականացնել դրանց սպառիչ վերլուծություն, ուստի վերջինս թողնելով հետագա ուսումնասիրությունների և հատկապես այդ գործոններից յուրաքանչյուրի առանձին խորը վերլուծությունների, որպես աշխատանքի սույն բաժնի ամփոփում, դրանց միջև ուղիղ և միջնորդված կապերը ու ընտրական տարածքային համակարգերի հետ դրանց ունեցած հարաբերությունները կարելի է սխեմատիկորեն ներկայացնել Սխեմա 2-ի տեսքով:


Սխեմա 2: Ընտրական և քաղաքական տարածքային համակարգերի ձևավորման ու զարգացման վրա ազդող գործոնները, դրանց միջև առկա ուղղակի և միջնորդված կապերը



 ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Экономическая и социальная география: основы науки: Учеб. для студ. высш. учеб. заведений.-М.: Гуманит. изд. Центр    ВЛАДОС, 2004. с. 37
2. Հիշատակված աշխատությունը, էջ 339
3.Экономическая и социальная география: основы науки: Учеб. для студ. высш. учеб. заведений.-М.: Гуманит. изд. Центр    ВЛАДОС, 2004, с. 36
4. Նույն տեղում
5.Туровский Р. Ф. Центр и регионы: проблемы политических отношений: моногр. 2-е изд. –М.: Изд. Дом ГУ ВШЭ, 2007, с. 12
6. Նույն տեղում
7. Հիշատակված աշխատությունը, էջ 13
8. Հիշատակված աշխատությունը, էջ 13-14
9. Туровский Р. Ф. Центр и регионы: проблемы политических отношений: моногр. 2-е изд. –М.: Изд. Дом ГУ ВШЭ, 2007, с. 14
10.Экономическая и социальная география: основы науки: Учеб. для студ. высш. учеб. заведений.-М.: Гуманит. изд. Центр    ВЛАДОС, 2004, с. 339
11.Туровский Р. Ф. Центр и регионы: проблемы политических отношений: моногр. 2-е изд. –М.: Изд. Дом ГУ ВШЭ, 2007, с. 16-17
12. Колосов В. А., Мироненко Н. С., Геополитика и политическая география, М.: Аспект Пресс, 2005.- с 278-280
13. Նույն տեղում
14.Հիշատակված աշխատությունը, էջ 281
15. Туровский Р. Ф. Центр и регионы: проблемы политических отношений: моногр. 2-е изд. –М.: Изд. Дом ГУ ВШЭ, 2007, с. 18
16.Նույն տեղում
17. Алмонд Г., Пауэлл Дж., Стром К. И др. Сравнительная политология сегодня. М., 2002; стр. 122-123
18.Туровский Р. Ф. Центр и регионы: проблемы политических отношений: моногр. 2-е изд. –М.: Изд. Дом ГУ ВШЭ, 2007, с. 19
19. Նույն տեղում
20.Алмонд Г., Пауэлл Дж., Стром К. И др. Сравнительная политология сегодня. М., 2002; стр. 156
21.Туровский Р. Ф. Центр и регионы: проблемы политических отношений: моногр. 2-е изд. –М.: Изд. Дом ГУ ВШЭ, 2007, с. 21
22.Նույն տեղում
23.Գաբուզյան Կ., Քաղաքական մշակույթ. հատուկ դասընթաց, Եր.; ԵՊՀ հրատ., 2007, էջ 58
24.Գաբուզյան Կ., Քաղաքական մշակույթ. հատուկ դասընթաց, Եր.; ԵՊՀ հրատ., 2007, էջ 37
25.Туровский Р. Ф. Центр и регионы: проблемы политических отношений: моногр. 2-е изд. –М.: Изд. Дом ГУ ВШЭ, 2007, с. 22
26.Նույն տեղում
27.Бусыгина И. Политическая регионалистика: Учеб пособие. М.; МГИМО, 2006, с. 24
28.Бусыгина И. Политическая регионалистика: Учеб пособие. М.; МГИМО, 2006, с. 162
29. Նույն տեղում
30. Նույն տեղում
31. Նույն տեղում
32. Бусыгина И. Политическая регионалистика: Учеб пособие. М.; МГИМО, 2006, с. 164




ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Գաբուզյան Կ., Քաղաքական մշակույթ. Հատուկ դասընթաց, Եր.; Երևանի համալս. հրատ., 2007, 92 էջ,
2.Ղուլյան Հ., Ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում. աշխարհագրական վերլուծություն, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2008, 80 էջ,
3.Վալեսյան Լ.,Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ-Եր., ԵՊՀ հրատ,2004, 264 էջ,
4.Վալեսյան Ա., Վալեսյան Լ., Քաղաքական աշխարհագրություն - Եր., ԵՊՀ հրատ., 2005, 339 էջ,
5.Аксенев К. Э. Понятие места в политичесой географии и особенности пространственной организации власти в США//Известия ВГО.1990. Т. 122.Вып 1
6.Алмонд Г., Пауэлл Дж., Стром К. И др. Сравнительная политология сегодня. М., 2002;
7.Ахременко А. С. Политический анализ и прогнозирование: учеб.  пособие,–М.: Гардарики, 2006.-333с.
8.Белов А. А., Социально-экономические факторы электорального поведения: теория, методология, эмпирика// Вестн. Моск. Ун-та. Сер. 12.  Политические науки. 2004. № 6.стр. 36-59
9. Бусыгина И. Политическая регионалистика: Учеб пособие. М.; МГИМО, 2006, - 280с.,Весна 89: География и анатомия парламентских выборов. Под ред. В. А.  Колосова, Н. В. Петрова, Л. В. Смирнягина,-М.: Прогрес, 1990.-  382с.,
10. Колосов В. А., Мироненко Н. С., Геополитика и политическая география, М.: Аспект Пресс, 2005.-479с.
11.Лавриенко В. Н., Путилова Л. М., Исследование социально-экономических и  политических процессов: Учеб. Пособие.-М.: Вузовский учебник, 2005.-184.
12.Манаков А. Г.,Опыт делимитации субкультур в российской политической  культуре// Изв. РГО. 2001, Т. 133, Вып. 6, стр. 81-87.
13.Митрошенков О. А. Политическая  философия. Эпистемология:Учеб.  пособие-М.:”Перспектива”, 2005.-192 с.
14.Туровский Р. Ф., Политическая география: Учеб. пособие. Москва-Смоленск: Изд-во СГУ,1999.-381с.
15.Туровский Р. Ф., Региональное измерение электорального процесса: концептуальные основы исследований. Общественные науки и современность. 5. 2006. http://www.electoralgeography.com/ru/articles/turovsky/2006/regional-dimension-of-electoral-process.html
16.Туровский Р. Ф. Центр и регионы: проблемы политических отношений: моногр. 2-е изд. –М.: Изд. Дом ГУ ВШЭ, 2007. -399с.
17.Экономическая и социальная география: основы науки: Учеб. для студ. высш. учеб. заведений.-М.: Гуманит
18.Clark A. N.,The Penguin dictionary of Geography, Second edition, Penguin   Books, 1998.
19.Jones M., Jones R., Woods M., An introduction to political geography: Space, place and politics; L., 2004, 202 p.
20. Jordan T., Rowntree L., The Human Mosaic. A Thematic Introduction to Cultural Geography, 6th ed., New York,1994



ShareThis

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Related Posts with Thumbnails